Մատչելիության հղումներ

Սոչիում տեղի է ունեցել ՍԾՏՀ տրանսպորտի նախարարների հանդիպումը


Տեսարան Սոչիից
Տեսարան Սոչիից

Սոչիում՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի նախագահությամբ, տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տրանսպորտի նախարարների հանդիպումը։

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հունաստանի ենթակառուցվածքի, տրանսպորտի և կապի նախարար Խրիստոս Սպիրիդիսը, Ռուսաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ալբանիայի, Մոլդովայի, Սերբիայի Թուրքիայի տրանսպորտային գերատեսչությունների և գործադիր իշխանության ղեկավարներ, ՍԾՏՀ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Խրիստիդիսը, ինչպես նաև դիտորդ կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր տրանսպորտային երթուղիների մշակման հնարավորությունները, երկաթուղային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների փոխադրման դյուրացումը և մի շարք այլ թեմաներ։

Ներկայացնելով Հայաստանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իր ելույթում հատկապես կարևորել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը, «Հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը, նաև՝ տրանսպորտի բնագավառում իրականացված օրենսդրական փոփոխությունները։

Կարևորելով ՍԾՏՀ անդամ երկրների միջև երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվությունը, Բեգլարյանը նշել է, որ քայլեր կձեռնարկվեն՝ այդ հնարավորությունը հայկական փոխադրողների կողմից առավել արդյունվետ օգտագործելու ուղղությամբ։

ՍԾՏՀ անդամ պետությունների տրանսպորտի նախարարների հանդիպման ընթացքում ընդունվել է համատեղ Հայտարարություն՝ ՍԾՏՀ երկրների տարածքում տրանսպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG