«Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում խաղաղություն կհաստատվի»: Ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականներից մեկում` The Washington Post-ի մայիսի 31-ի համարում այս հարցի պատասխանն է փորձում գտնել բրիտանական մի շարք համալսարանների դասախոս, 2011-ին լույս տեսած «Չճանաչված պետություններ» գրքի հեղինակ Նինա Կասպերսենը` բավական տխուր հետևությունների հանգելով: Նրա համոզմամբ, ղարաբաղյան հակամարտությունը նմանատիպ մյուս կոնֆլիկտներից տարբերվում է մի շարք գործոններով, որոնցից առանցքայիններն են՝ երկու կողմերի միջև վստահության զրոյական մակարդակն ու պատերազմի վերսկսման իրական վտանգը:
«Թեև ապրիլ ամսին կողմերը կարողացան խուսափել լայնածավալ պատերազմից, այդուհանդերձ, հաստատված հրադադարը փխրուն է, մարտական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի»,- գրում է The Washington Post-ի հոդվածագիրը: «Երկու տասնամյակ շարունակվող բանակցություններն այդպես էլ որևէ բեկման չհանգեցրին, իսկ քառօրյա պատերազմն է՛լ ավելի մշուշոտ դարձրեց փոխզիջումների վրա հիմնված խաղաղության հատատման հեռանկարը: Ռազմական գործողությունները երկու կողմում էլ ուժեղացրեցին անզիջում մոտեցումների օգտին հանդես եկող ուժերի դիրքերը` արդարացնելով նաև ուժի կիրառումը», - նշում է Կասպերսենը` մանրամասնելով՝ «Ադրբեջանական կողմում ամրապնդվեցին այն մարդկանց մոտեցումները, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղի` բռնի ուժով վերադարձնելու հնարավորությունն արդարացված է և իրական: Հայկական կողմում էլ ուժեղացան նրանք, ովքեր պնդում են, որ հայկական զորքերը չպետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներից, և ամբողջական անկախացումից բացի, որևէ այլ լուծում ընդունելի չէ»:
Շարունակելով գնահատել վերջին ամիսների իրադարձությունները, The Washington Post-ի հոդվածագիրը նաև նկատում է` «Լիովին հստակ չէ, թե ինչու ծագեցին ապրիլյան բախումները, հավանական է, որ Ադրբեջանը մի կողմից փորձեց ստուգել հայկական պաշտպանական դիրքերի ամրությունը, մյուս կողմից էլ՝ ստիպել հայ դիվանագետներին՝ զիջումների գնալ բանակցային սեղանի շուրջ»:
Ապրիլյան բախումների հետևանքներին անդրադառնալով, Կասպերսենը նկատում է` «Վերջին մարտական գործողությունների արդյունքում ռազմաճակատի գիծը կարծես փոխվեց հօգուտ Ադրբեջանի: Դա լուրջ իրողություն է, բայց ոչ թե այն պատճառով, որ գրավված տարածքը ռազմավարական առումով մեծ նշանակություն ունի, այլ որովհետև Ադրբեջանին հաջողվեց հարված հասցնել հայերի արժանապատվության զգացմանը: Բացի այդ, ադրբեջանցիները կարողացան ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղի դիրքերն այնքան անվտանգ չեն, որքան պատկերացնում էին Ղարաբաղի ղեկավարները, և այնքան էլ ուժեղ չեն, ինչպես ներկայացվում էր հանրությանը»:
Գնահատելով ներկա կացությունը, Նինա Կասպերսենը The Washington Post-ի էջերում նաև մատնանշում է այն հիմնական պատճառները, որոնք մեծապես խոչընդոտում են ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծմանը: Խոսքը նախևառաջ երկու երկրների հասարակությունների ներսում տիրող տրամադրությունների մասին է: «Հայաստանի առաջնորդները, ովքեր կփորձեն հարկ եղածից ավելի չափավոր դիրքորոշում որդեգրել, գիտեն, որ կարող են հայրենիքում լուրջ բարդությունների բախվել: Առավել աչքի ընկնող նման դեպքը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնանկությունն էր 1998 թվականին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ քառօրյա պատերազմի արդյունքում ծագած ազգայնական ոգևորությունը որևէ լավ հեռանկար չի ուրվագծում խաղաղ կարգավորման և դրանից բխող փոխզիջումների համար»:
Կարգավորումը փակուղի մղող մյուս պատճառը, ըստ Կասպերսենի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման շուրջ առկա անորոշությունն է: Հիշեցնելով կարգավորման սկզբունքներում առկա «ժողովրդի կամարտահայտություն» գաղափարը` The Washington Post-ը նկատում է` «Հայկական կողմը դա ընկալում է որպես անկախության հանրաքվե, Ադրբեջանում, սակայն, պնդում են, որ լիակատար անկախության մասին խոսք անգամ լինել չի կարող: Հարկ է նկատել, որ մի շարք տարածաշրջաններում` Սուդանում, Պապուա-Նոր Գվիենայի Բուգեյնվիլում կամ Սերբիայի ու Չեռնոգորիայի պարագայում հանրաքվեի տարբերակը փորձարկվեց` որոշակի հաջողություն արձանագրելով, քանի որ կար մեկ հիմնական նախապայման` այդ հանրաքվեների ելքը կանխորոշված չէր: Այս բոլոր դեպքերում ինչ-որ կերպ տարածքային ամբողջականության սկզբունքը հնարավոր էր քվեարկողների համար գրավիչ դարձնել», - պնդում է Կասպերսենը, հավելելով` «Նույնը չես ասի Լեռնային Ղարաբաղի դեպքում: Որևէ քաղաքական ուժ այնտեղ հարցականի տակ չի դնում անկախացման անհրաժեշտությունը: Բացի այդ, Ադրբեջանը թեև խոսում է տարածքային ամբողջականության մասին, այդուհանդերձ, որևէ քայլ չի ձեռնարկում՝ Ղարաբաղի հայերի վստահությունը ձեռք բերելու համար»:
Վստահության հարցն է, որը, ըստ Նինա Կասպերսենի, բացառում է ԼՂ-ի համար որևէ միջանկյալ կարգավիճակի սահմանումը՝ իբրև իրավիճակից ելքի հնարավորություն: «Չեչնիայում կամ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում այս տարբերակը կիրառվեց` մնայուն արդյունքների չհանգեցնելով: Բացի այդ, Ղարաբաղի ղեկավարները շատ ավելի ամուր դիրքեր ունեն, քան ժամանակին պաղեստինցիներն ու չեչենները: Ուստի, քիչ հավանական է, որ նրանք հարցականի տակ դնեն փաստացի անկախությունը՝ ռիսկեր պարունակող կարգավորման համար»,- The Washington Post-ում հրապարակած իր հոդվածում գրում է չճանաչված պետություններով զբաղվող Նինա Կասպերսենը և ամփոփում ՝ «Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարները վստահ են` Ադրբեջանը կօգտագործի միջանկյալ [կարգավիճակով նախատեսված] ժամանակահատվածը` տարածքը ուժով հետ բերելու համար: Իրադրության վերջին սրացումը այդքան էլ չնպաստեց նման կասկածների փարատմանը»: