Մատչելիության հղումներ

Վրաստանում Հայաստանի դեսպանը այցելել է Ջավախք


Վրաստան, Ջավախք - Տեսարան Ախալքալաք քաղաքից
Վրաստան, Ջավախք - Տեսարան Ախալքալաք քաղաքից

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը անցած շաբաթավերջին աշխատանքային այց է կատարել Սամցխե-Ջավախեթի տարածաշրջան:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ Յուրի Վարդանյանի հանդիպման օրակարգի հիմնական թեման էր ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերն ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով դեսպանը իր խորը մտահոգությունն է հայտնել նահանգապետին և հույս հայտնել, որ միջադեպերի մեղավորները արժանի պատիժ կստանան, և հստակ քայլեր կձեռնարկվեն նման միջադեպերը հետագայում բացառելու ուղղությամբ։

Նահանգապետը Հայաստանի դեսպանին վստահեցրել է, որ կշարունակի իր անմիջական վերահսկողության տակ պահել միջադեպի առնչությամբ հարուցված երկու քրեական գործերի ընթացքը և զարգացումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի հայկական կողմին:

Յուրի Վարդանյանն այցելել է նաև Ախալքալաք, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի, Ախալքալաքի շրջանի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանի և շրջանի վարչության նախագահի տեղակալ Հարություն Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ջավախքի տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը հուզող հարցերի լայն շրջանակ:

Դեսպանն ընդգծել է համայնքային կյանքի ակտիվացման համար հետևողական քայլերի ձեռնարկման, համատեղ ծրագրերի մշակման անհրաժեշտությունը: Ապրիլի 23-ի դեպքերի համատեքստում Վարդանյանը ներկայացրել է այդ կապակցությամբ իր հանդիպումների և հեռախոսազրույցների որոշ մանրամասներ:

Ախալքալաք այցի շրջանակում Հայաստանի դեսպանը այցելել է նաև Սուրբ Խաչ հայկական եկեղեցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG