Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է»


Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները, ովքեր շնորհավորական ուղերձներ են հղել ԵԺԿ հոբելյանի կապակցությամբ:

Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ կուսակցությանն ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահը, ով մեծապես կարևորել է միջկուսակցական փոխգործակցությունը ԵԺԿ-ի հետ` եվրոպական քաղաքական մշակույթի տարածման, համաեվրոպական արժեհամակարգի ամրապնդման տեսանկյունից:

«Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով ու մշակույթով, իղձերով ու նպատակներով, իսկ հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից», - մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը:

«Մեծ է եղել ԵԺԿ-ի աջակցությունը Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները զարգացնելիս: Դրանք այսօր հասել են մի նոր՝ կարևոր ու պատասխանատու հանգրվանի: Արդեն մեկնարկել են բանակցությունները Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի մեր հարաբերությունների բնույթն ու կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղղությունները: Վստահ եմ, որ այս նոր փաստաթուղթը կյանքի կոչելու հարցում ևս ԵԺԿ-ն մեր կողքին կլինի»,- նաև ասել է ՀՀ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG