Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը դիմում է շրջանավարտներին և նրանց ծնողներին


«Վերջին զանգ»-ի կապակցությամբ այսօր վաղ առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնում հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում:

Ոստիկանությունը հիշեցնում ու կոչ է անում հատկապես շրջանավարտներին՝ ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից, հասարակական վայրերում լինել զուսպ ու հարգալից միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված ժամերին և պահպանելով անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարել ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները:

«Ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցեք երեխաներին զանգվածային միջոցառումների ժամանակ. ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները», - ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը հաղորդում է, որ անելու է ամեն ինչ՝ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար։ «Դրսևորելու է օրինաչափ խստություն, անհրաժեշտ պահանջկոտություն և անհանդուրժողականություն հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ՝ ակնկալելով շրջանավարտների, ծնողների, մանկավարժների, ողջ հասարակության միասնությունը, ըմբռնումն ու աջակցությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG