Այսօր Ճապոնիայի Իսե Սիմա շրջանում մեկնարկում է Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի նախագահությամբ G7-ի գագաթնաժողովին կմասնակցեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Ակնկալվում է, որ գագաթնաժողովին ներկա կլինեն նաև Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը, պետությունների հրավիրյալ առաջնորդներ։
Օրակարգում գլխավոր թեման համաշխարհային տնտեսությունն ու դրա զարգացմանն ուղղված ջանքերն են: Կքննարկվեն նաև կոռուպցիայի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։
Ի դեպ, ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կայցելի Հիրոսիմա՝ դառնալով ամերիկացի առաջին նախագահը, ով այնտեղ է ժամանում 1945 թվականի ամերիկյան ատոմային ռմբակոծությունից հետո: