Մատչելիության հղումներ

«Հայերի որս» սկսելու սպառնալիքներ հնչեցրած թուրք ազգայնականը դատապարտվել է ազատազրկման


Թուրքական դատարանը 7 ամիս 15 օր ազատազրկման է դատապարտել թուրք ազգայնական Թոլգա Ադըգյուզելին՝ Կարսի փողոցներում «հայերի որս» սկսելու սպառնալիքներ հնչեցնելու համար:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանի ներկայացրած հայցի հիման վրա հարուցված դատական գործի արդյունքում ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Ադըգյուզելը պարտավորվել է նաև 11 հազար 240 լիրա տուգանք վճարել:

Թուրքական «Հյուրիեթ»-ի հաղորդմամբ, պատժի կիրառումը հետաձգվել է` հաշվի առնելով, որ ամբաստանյալը նախկինում դատապարտված չի եղել:

Թուրք ազգայնականին պատժելու պահանջով հանդես եկած Գարո Փայլանը դատարանի որոշումը հուսադրող է համարել:

«Ատելություն պարունակող խոսքերը ատելության հանցանքների համար ճանապարհ են բացում: Ե՛վ հայերի, և՛ Թուրքիայում հասարակական խաղաղության և արդարության հավատացողների համար հուսադրող է, որ այս դատական գործում հայկական ինքնության դեմ ուղղված ատելության խոսքերը անպատիժ չմնացին: Մենք շարունակելու ենք պայքարել ռասիստական, ատելություն պարունակող հանցագործությունների դեմ, փնտրել արդարություն և աշխատել հասարակական խաղաղության համար», - ասել է Փայլանը:

Անցած տարվա հունիսին Անիի ավերակներում ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի համերգից հետո թուրք ազգայնական Թոլգա Ադըգյուզելը ասուլիս էր հրավիրել` սպառնալով Կարսի փողոցներում «հայերի որս» սկսել: Նա վրդովմունք էր հայտնել համերգի կապակցությամբ` հայտարարելով, որ «բոլորը պետք է իմանան իրենց տեղը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG