Մատչելիության հղումներ

Կուսակցություններն անհրաժեշտ են համարում համագործակցությունը արտաքին քաղաքական ոլորտում


Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. - «Մենք` մայիսի 21-22-ը Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներս, կարևորելով` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների քաղաքական համակարգերի հետագա զարգացումը, ժողովրդավարական արժեքների հետևողական ներդնումը, մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների իրացումը, կուսակցությունների համագործակցությունը և քննարկումները համահայկական նշանակության, այդ թվում` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և ԼՂՀ միջազգային ճանաչման հարցերում, քաղաքական գործունեության կազմակերպումն ու իրացումը բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունների շրջանակում, հպարտանում ենք ապրիլյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի պետական կառույցների կազմակերպվածությամբ և Պաշտպանության բանակի ցուցաբերած արիությամբ, անձնազոհությամբ ու հաղթական ոգով և մեր ողջ ժողովրդի դրսևորած միասնականությամբ»:

Ֆորումի մասնակիցները դատապարտել են Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ահաբեկչական գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի, ինչպես նաև պետական մակարդակով իրականացվող հայատյացության ու անհանդուրժողականության քաղաքականությունը:

Ընդգծելով, որ կուսակցությունները քաղաքացիների քաղաքական, իրավական, սոցիալական, հումանիտար, տնտեսական և այլ շահերի ամենաարդյունավետ արտահայտողներն են, ֆորումի մասնակիցները հավաստիացրել են, որ կուսակցությունները Հայաստանի և Ղարաբաղի ներքին և արտաքին մարտահրավերներին լիարժեք դիմակայելու նպատակով լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն իրենց ինտելեկտուալ, կազմակերպչական, կառուցվածքային և այլ կարողություններն ու հնարավորություններն ընդլայնելու համար:

«Կարևորում ենք քաղաքական համերաշխության և հասարակական համախմբվածության կենսական նշանակությունը ազգային անվտանգությանը վերաբերող հիմնախնդիրների, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա լուծման նպատակով: Ամրագրում ենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների ընդգրկուն համագործակցությունն անհրաժեշտություն է։ Առաջնահերթություն ենք համարում նման համագործակցությունն ակտիվորեն օգտագործելը մեզ հասանելի բոլոր միջազգային հարթակներում», - ասված է հայտարարությունում:

Պատգամավորները վերահաստատել են նման ձևաչափով քննարկումների կարևորությունը և պատրաստակամությունը՝ դրանք դարձնել պարբերական և մշտապես կազմակերպել Ղարաբաղում՝ ներառելով կուսակցական կառույցների հնարավորինս լայն շրջանակ` կանանց կազմակերպություններ, երիտասարդական թևեր, փորձագետներ և այլն:

Հայտարարությունը ստորագրել են Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», «Ազատ հայրենիք», «Ազատություն», «Ազգային միաբանություն» կուսակցությունները, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅ Դաշնակցությունև և ՀՅԴ Արցախի կառույցը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, «Հզոր հայրենիք», «Միացյալ ազատական ազգային», Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG