2015 թվականը Հայաստանի ու Եվրամիության միջև ինտենսիվ և կառուցողական երկխոսության տարի էր: Այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Եվրամիության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների յոթերորդ հանդիպման ժամանակ:
Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Եվրոպական միության միջև նոր համաձայնագիրը հնարավորություն կտա ընդհանուր արժեքների և յուրաքանչյուրի որոշումների և ընտրությունների հանդեպ հարգանքի հենքի վրա հարաբերությունների նոր և ամուր իրավական հիմք ձևավորել:
«Նոր համաձայնագիրը կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը և կուրվագծի փոխշահավետ, խորը համապարփակ փոխգործակցության նոր ուղեցույցները։ Արդեն անցկացվել է բանակցությունների երեք փուլ», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Նրա կարծիքով, Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականությունը Հայաստանի ու ԵՄ-ի միջև բազմակողմ ապագա համագործակցության անկյունաքարն է:
«Երբ ԵՄ խորհուրդը հաստատեց վերանայված քաղաքականությունը, մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ գործընկեր պետությունների նկատմամբ կիրառվելու է տարբերակման սկզբունքը և համապատասխան անհատական մոտեցում է ցուցաբերվելու` նկատի ունենալով ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում հանձնառությունների իրականացման առաջընթացը», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Նալբանդյանը:
Նա կարևորել է Եվրամիության՝ Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցությունը, որը, նրա ձևակերպմամբ, առանցքային է եղել Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ ու կայուն իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար:
Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով զարգացնել ու խորացնել համապարփակ համագործակցությունը և՛ Արևելյան գործընկերության, և՛ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում` հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա և պատշաճ կերպով նկատի ունենալով այլ ինտեգրացիոն ձևաչափերում մեր հանձնառությունները: