Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին՝ Փարիզից Կահիրե թռչող մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ - «Հանրապետության նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներին, զոհվածների ընտանիքներին և երկու բարեկամ ժողովուրդներին, այս դժվարին պահը հաղթահարելու համար մաղթել համբերություն, ուժ և կորով»:

Հիշեցնենք, Եգիպտոսի ազգային ավիափոխադրող EgyptAir ընկերության՝ Փարիզից Կահիրե չվերթն իրականացնող A320 օդանավը, որում կար 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ, Միջերկրական ծովի վրայով թռչելիս՝ եգիպտական ափ չհասած, անհետացել է ռադարից: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ինքնաթիռը աղետի է ենթարկվել:

Այժմ Եգիպտոսը՝ Հունաստանի օգնությամբ, որոնողական աշխատանքներ է իրականացնում տվյալ շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG