Մատչելիության հղումներ

Կրակոցներ Ալավերդիում. մեկ անձ սպանվել է, մեկը՝ վիրավորվել


Տեսարան Ալավերդի քաղաքից
Տեսարան Ալավերդի քաղաքից

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մայիսի լույս 19-ի գիշերը Ալավերդի քաղաքում հնչած կրակոցների դեպքի առթիվ, որոնց հետևանքով մեկ անձ սպանվել է, մյուսը՝ հրազենային վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն։

«Նախնական տվյալներով՝ մայիսի 19-ին՝ ժամը 04.30-ին, Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի 22-րդ շենքի բակում առերևույթ հանցագործություն կատարած անձը, սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ է արձակել Էդուարդ Պողոսյանի և Վարդան Ավագյանի ուղղությամբ։ Ստացած հրազենային մարմնական վնասվածքներից Վարդան Ավագյանը տեղում մահացել է, իսկ Էդուարդ Պողոսյանը՝ ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի գլխավորությամբ։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` «երկու կամ ավելի անձանց սպանության փորձ», և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»։

Լոռու մարզային քննչական վարչության պետի կողմից որոշում է կայացվել քննչական խումբ կազմելու մասին, մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական և միկրոմասնիկների փորձաքննություններ, որոշումներ են կայացվել Ավագյանին ու Պողոսյանին տուժող ճանաչելու մասին: Հանցանք կատարած անձին, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզաբանելու նպատակով հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG