Մայիսի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա կատարած իր աշխատանքային այցի ընթացքում, Ղարաբաղյան հարցի շուրջ հանդիպումից առաջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:
APA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը իր մտահոգությունն է հայտնել վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ:
Ընդգծելով, որ ԱՄՆ նախաձեռությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները որոշել են հանդիպում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ, Քերրին անդրադարձել է այդ հանդիպման ընթացքում մի շարք հարցերի շուրջ որոշակի պայմանավորվածության հասնելուն: ԱՄՆ պետքարտուղարը ցանկություն է հայտնել, որպեսզի կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ, ուժեղացնեն վստահության և փոխհամաձայնության ամրապնդմանն ուղղված քայլերը: Նա նշել է նաև, որ այդպիսով բանակցային գործընթացը կստանա կառուցողական տեսք:
«Բանակցությունները պետք է շարունակվեն»,- ընդգծել է պետքարտուղար Քերրին:
Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին՝ հանդիպումը կազմակերպելու համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու տվյալ հարցերի շուրջ բանակցությունները: