Մատչելիության հղումներ

Վարչապետը ողջունում է Qatar Airways-ի մուտքը հայկական ավիացիոն շուկա


Qatar Airways-ի ինքնաթիռը օդանավակայանում, արխիվ
Qatar Airways-ի ինքնաթիռը օդանավակայանում, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Qatar Airways ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլևիի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը ողջունել և կարևորել է քաթարական ավիաընկերության մուտքը հայկական ավիացիոն շուկա և նշել, որ այն կնպաստի Հայաստանի ու Քաթարի միջև տնտեսական համագործակցության, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում կապերի ակտիվացմանն ու զարգացմանը:

Նշելով, որ Հայաստանում 2013 թվականից ավիացիայի ոլորտն ազատականացվել է, Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունը վերանայել է ավելի քան 20 պետության հետ օդային հաղորդակցությանն առնչվող գործող օրենսդրական դաշտը, և ի թիվս այլ պետությունների` առաջիկայում ավարտին կհասնի նաև Չինաստանի հետ համաձայնագրի վերանայումը, քննարկումներ են սկսվել նաև Եվրամիության ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի միանալու շուրջ:

Դանլևին նշել է, որ Qatar Airways-ը պատրաստ է իրականացնել շաբաթական չորս Դոհա-Երևան-Դոհա չվերթ՝ Հայաստանը կապելով աշխարհի ավելի քան 150 քաղաքների հետ: Քաթարական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենի խոսքով՝ իրենք ցանկություն ունեն առաջիկայում ընդլայնել ընկերության գործունեության ուղղությունները, ինչը կնպաստի նաև Հայաստանի ու Քաթարի միջև փոխշահավետ երկարաժամկետ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG