Մատչելիության հղումներ

DW. Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 2015-2016 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ


Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի կազմում խփած հերթական գոլից հետո, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի կազմում խփած հերթական գոլից հետո, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Deutche Welle պարբերականի անցկացրած հարցման արդյունքներով ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-2016 թվականների մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շուրջ երեք տասնյակ երկրներում անցկացված հարցման արդյունքներով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը հավաքել է ձայների 26 տոկոսը:

Մխիթարյանը մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում շրջանցել է Լևերկուզենի «Բայեր»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսին, ով հավաքել է երկրպագուների ձայների 21 տոկոսը, Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլերին և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, ովքեր ստացել են ձայների 17 տոկոսը:

Պարբերականի հետ զրույցում Մխիթարյանը նշել է՝ շատ ուրախ է, որ կարողանում է գոլեր խփել ու օգտակար լինել թիմին: «Ես կարողացել եմ նաև գոլային փոխանցումներ կատարել և լավ խաղ ցուցադրել, սակայն ես ուրախ եմ նաև թիմի խաղի համար: Այս տարի մենք հրաշալի խաղ ենք ցուցադրել, ինչի արդյունքում բոլորը սկսեցին հավանել մեր խաղաոճը: Ես կարծում եմ, որ սա շարունակական կլինի»,- ասել է ֆուտբոլիստը:

Հենրիխ Մխիթարյանը թեմային անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով. - «Չեմ կարծում, որ կա ավելի լավ մրցանակ, քան աշխարհասփյուռ երկրպագուների աջակցությունը: Շատ շնորհակալ եմ իմ կողքին լինելու համար: Սիրում եմ ձեզ»:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանի ընթացքում Բունդեսլիգայի շրջանակում դարձել է 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Մրցաշրջանի արդյունքում Դորտմունդի «Բորուսիա»-ն կարողացավ հաղթահարել նախորդ մրցաշրջանի ճգնաժամը և Գերմանիայի առաջնությունում գրավեց երկրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով Մյունխենի «Բավարիա»-ին: «Բորուսիա»-ն դուրս է եկել նաև Գերմանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Բավարիա»-ի հետ:

Մխիթարյանի խաղն անտարբեր չի թողել մի շարք գրանդ ակումբների: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Թուրինի «Յուվենթուս»-ը, անգլիական «Չելսի»-ն, «Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG