Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «էժանագին թատրոնի» մասնակցելու ցանկություն չունի


Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) արձագանքել է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթին:

«Իլուր» կայքը տեղադրել է ՀԱԿ-ի պատասխան հայտարարությունը, որում գրված է՝ «Մայիսի 14-ին կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի միջոցառումների քննարկմանը մասնակցելու՝ ՀՀ վարչապետի հրավերին ի պատասխան, Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է.

2012 թ.-ից ի վեր «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը Ազգային ժողովում բազմիցս հանդես է եկել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի նախաձեռնություններով, հարցադրումներով և բացահայտումներով: Դրանց շարքում էին, մասնավորապես, «Համակարգված կոռուպցիա, մենաշնորհներ, ազատ տնտեսական մրցակցության խաթարում» (2012թ.) և «Համակարգված, համատարած կոռուպցիա» (2013թ.) հարցապնդումները, «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին» ԱԺ որոշման նախագիծը (2012թ.), գազամատակարարման և էլեկտրաէներգետիկական բնագավառներում չարաշահումների, ինչպես նաև պետական պաշտոնյաների կոռումպացվածության վերաբերյալ ներկայացված փաստերը և այլն:

Բոլոր այս հարցադրումներն, ըստ էության, մնացել են անարձագանք: Իշխանություններն ավելի շատ հանդես են եկել կոռուպցիայի և մենաշնորհների փաստաբանների դերում: Կառավարության կողմից ստեղծված բազմաթիվ մարմինները (2009 և 2015 թվականներին ստեղծված «կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդները»), մշակված ռազմավարական ծրագրերը («Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման» 2003-2007թթ., 2009-2012թթ. և 2015-2018թթ. միջոցառումների ծրագրերը, «ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը» ՝ կոռուպցիայի մասով) ոչ միայն կրել են բացառապես իմիտացիոն բնույթ, այլև ծառայել են որպես իշխանությունների կոռուպցիոն գործունեության քողածածկույթ:

Մեր համոզմամբ, կոռուպցիան և մենաշնորհները Հայաստանում կրում են համակարգային բնույթ, իսկ կոռուպցիոն բուրգը ներառում է ամբողջ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը: Հետևաբար, եթե իշխանությունները իսկապես ցանկանում են արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, ապա պետք է առաջնահերթ կատարեն հետևյալ քայլերը.

Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ ընդունել հակամենաշնորհային օրենսդրության փաթեթը՝ համաձայն «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից 2012 թ.-ին ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին» ԱԺ որոշման նախագծի դրույթների (մասնավորապես, տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որևէ ընկերության մասնաբաժինը սահմանափակելով շուկայի 33.33 տոկոսով), ինչին պետք է անհապաղ հետևի բոլոր շուկաներում մենաշնորհների վերացումը:

Ստորագրել և վավերացնել ՄԱԿ-ի 2003թ.-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան՝ հանելով 20-րդ հոդվածի նկատմամբ նախկինում Հայաստանի կողմից կատարված վերապահումը: Նշված հոդվածը որպես քրեորեն պատժելի արարք է որակում «ապօրինի հարստացումը», այսինքն՝ «պետական պաշտոնյայի օրինական եկամուտները գերազանցող ունեցվածքի այնպիսի նշանակալի ավելացումը, ինչն այդ անձը չի կարող հիմնավոր կերպով բացատրել»: Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո, ստուգել Հայաստանի բոլոր պաշտոնատար անձանց ունեցվածքի և եկամուտների համապատասխանությունը:

Գիտակցելով, որ կոռուպցիայի և մենաշնորհների հաղթահարման լավագույն միջոցը օրինական ընտրություններով ընտրված, ժողովրդի առջև հաշվետու և նրա վստահությունը վայելող իշխանության ձևավորումն է, անհապաղ ընդառաջ գնալ քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանը՝ ընդունելով նրանց կողմից ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկները և ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների շուրջ փոխհամաձայնության հիման վրա անցկացնել ազատ և արդար ընտրություններ:

Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարում հասարակության աջակցությունն ակնկալող իշխանությունը պարտավոր է նախևառաջ կատարել նման գործնական քայլեր, այլապես դրա շուրջ որևէ քննարկում հերթական անգամ վերածվելու է էժանագին թատրոնի և ընդամենը ծառայելու է որպես հանրությանը մոլորեցնելու միջոց: Հայ ազգային կոնգրեսը նման ներկայացմանը մասնակցելու որևէ ցանկություն չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG