Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, վերջինիս նախաձեռնությամբ:

Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ - «Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունները և դրանց հետևանքով առաջացած նոր իրավիճակի խնդիրները»:

Ըստ հաղորդագրության, դեսպան Միլսը հուսադրող է համարել այն, որ հայաստանյան ղեկավարությունը բանակցային կարգավորման հանձնառություն է հանդես բերել և հույս է հայտնել, որ պաշտոնական Երևանը կշարունակի հետամուտ լինել դրան:

Համաձայնելով դեսպան Միլսի կարծիքին, Լևոն Տեր-Պետրոսյանն, իր հերթին, ընդգծել է բանակցային գործընթացի վերսկսմանը զուգահեռ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով մշտադիտարկման (մոնիտորինգի) մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, դա բացատրելով այն հանգամանքով, որ զինադադարի շարունակաբար կրկնվող նախորդ խախտումների գնահատման հարցում միջազգային հանրության դրսևորած պարիտետային մոտեցումը ոչ միայն չի նպաստել նոր խախտումների բացառմանը, այլև կողմնակիորեն քաջալերել է Ադրբեջանին՝ սանձազերծելու երկուստեք հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ապրիլյան լայնամասշտաբ սադրանքը։

Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ մշտադիտարկման ռեժիմի կիրառումը հնարավորություն կտա զինադադարի խախտման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մատնանշելու խախտող կողմի հասցեատիրոջը, ինչը կարող է զսպող դեր խաղալ շփման գծում անդորրություն պահպանելու և բանակցային գործընթացի շուրջ բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG