Մատչելիության հղումներ

Գործընթացում առաջընթաց հնարավոր է «միայն ԼՂ լիարժեք մասնակցության դեպքում»


Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը, ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության պարագայում:

«Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994 թվականի մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի կնքումը հնարավոր դարձավ, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը նախաձեռնեց ուղղակի բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Սա ապացույց է, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության պարագայում», - ասել է Քոչարյանը:

Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ 1994 թվականի զինադադարի պահպանումը հանդիսանում է կողմերի միջազգային պարտավորությունը, իսկ ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը, ըստ փոխարտգործնախարարի, նաև այդ միջազգային պարտավորության կոպիտ ոտնահարում է և ագրեսիայի բացահայտ դրսևորում:

«Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան բոլորին ապացուցեց, որ անցած 22 տարիների ընթացքում Բաքուն օգտագործել է բանակցային գործընթացը որպես քող սպառազինվելու և ռազմական ուղիով խնդիրը լուծելու համար, ինչը և հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանման հիմնական պատճառն էր: Միանգամայն հասկանալի են Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերն անշեղորեն պահպանել և ամրապնդել 1994 թվականի եռակողմ համաձայնագրով հաստատված զինադադարը՝ որպես խաղաղ բանակցային գործընթացի հիմք», - ասել է Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG