Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հաղորդում է, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում ապրիլի 1-ից Հայաստանի ողջ տարածքում իրականացվում են պատվաստումներ` դաբաղի նոր՝ AG-VII, ենթատեսակի կանխարգելման նպատակով:
«Վերջին ամիսներին տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ հարևան Թուրքիայում և Իրանում, արձանագրվել էր դաբաղի հենց այս ենթատեսակը, որի տարածման վտանգն առկա է նաև մեր հանրապետությունում: Հանրապետության տարածքում արդեն իրականացվել է պատվաստումների շուրջ 70 տոկոսը. մինչ այդ Ռուսաստանից ձեռք էր բերվել նոր ենթատեսակի դեմ պայքարող պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1 միլիոն 200 հազար դոզա: Այդուհանդերձ, մի քանի համայնքների գյուղացիական տնտեսություններում ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա որոշակի խոչընդոտներ են ստեղծվում կանխարգելիչ միջոցառումների ընթացքում՝ չհիմնավորված տարբեր պատճառաբանություններով», - ասված է հաղորդագրությունում:
ՍԱՊԾ-ը հորդորում է՝ չխոչընդոտել ծրագրի իրականացմանը և թույլ տալ համայնքն սպասարկող անսանաբույժ-մասնագետներին հաստատված ժամանակացույցի համաձայն իրականացնել պատվաստման աշխատանքները, քանի որ չպատվաստված կենդանու՝ դաբաղով վարակվելու վտանգը, ըստ ծառայության, շատ բարձր է, իսկ հիվանդության տարածման աղբյուրը հիվանդ կենդանին է:
«Հարկ ենք համարում նշել, որ կենդանիների, ինչպես նաև կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ չստեղծելը և խոչընդոտելը ենթակա է վարչական տուգանքի», - ասված է հաղորդագրությունում: