Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետը Ադրբեջանի ապակառուցողական և ռազմատենչ կեցվածքի արդյունքում իրավիճակի լարման և բանակցային գործընթացը խոչընդոտելու այդ երկրի դրդապատճառների մասին»:
«Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլյան իրադարձությունների ժամանակ իրականացված ռազմական հանցագործությունների փաստերին՝ նախագահն ընդգծել է նման անթույլատրելի և դատապարտելի երևույթներին միջազգային հանրության և մասնագիտացված կառույցների կողմից համարժեք արձագանքի անհրաժեշտությունը», - նաև ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում նշվել է հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ներդրման և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Կողմերը երկուստեք ընդգծել են, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: