Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը Զալբերին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը, դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը:
ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հիմնահարցը ռազմական լուծում չունի, և Եվրոպական միությունը սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունների շուրջ։ Այս առումով, Նալբանդյանը շեշտել է, որ այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, 1994-1995 թվականների զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։ Նրա խոսքով՝ այդ քայլերը համապատասխան պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը շարունակելու համար:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, դրանց իրավական հիմքի շուրջ բանակցություններին: