Շուշիի ազատագրումը, ըստ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, բեկումնային էր Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում։
«Միգուցե պատահական չէ, որ ձեռք բերված Հաղթանակը համընկնում է ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրվա հետ։ Այսօր Արցախի հաղթանակած բանակը պայքարում է ֆաշիզմի նոր դրսևորման դեմ։ Ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմ, այն, ինչին մենք ականատես եղանք ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Ի՞նչ են, եթե ոչ ֆաշիզմ, այլատյացությամբ, անհանդուրժողականությամբ և թշնամանքով լի հայտարարությունները, որոնք հնչում են Բաքվից։ Այսօրվա տոնը վառ ապացույց է, թե ինչ է լինում ֆաշիզմի վերջը», - այսօր հայտարարել է Նալբանդյանը` պատասխանելով Հանրային հեռուստատեսության հարցին:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ վեց հարյուր հազար հայ է մասնակցել Երկրորդ աշխարհամարտին, որոնցից մոտ կեսն է վերադարձել տուն։ «Հայրս մասնակցել է Ստալինգրադի հաղթական ճակատամարտին, մորս երկու եղբայրները զոհվել են ռազմաճակատում։ Չկա հայ ընտանիք, որն իր մասնակցությունը չի բերել Հայրենական մեծ պատերազմին։ Ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել և, ինչպես տեսնում եք, այսօր էլ ունի», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Նալբանդյանը։