Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն է ներկայացրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Օհանյանը խոսել է վերջին օրերի ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվող ագրեսիվ և նոր ռազմական գործողություններ հրահրող քայլերի մասին:
Դեսպանը իր մտահոգություններն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել բոլոր ջանքերը գործադրելու խաղաղություն ու կայունություն պահպանելու ուղղությամբ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Օհանյանը տեղեկացրել է հայ-իրանական պաշտպանական համագործակցության շուրջ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում դրանք կյանքի կկոչվեն: Սաջադին ի թիվս այլ ոլորտների կարևորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը: