Մատչելիության հղումներ

Աշակերտները սովորելու համար ստիպված են «երկար ու վտանգավոր» ճանապարհ անցնել


Օրենքը արավուսցի երեխաների համար փոխհատուցում է նախատեսում, սակայն այդ մասին նրանք տեղյակ չեն:

Սյունիքի մարզի սահմանամերձ Արավուս գյուղի դպրոցահասակ երեխաները կրթություն ստանալու համար ամեն օր կիլոմետրեր են կտրում՝ հարևան Տեղ գյուղ հասնելու համար: Ու թեև օրենքը երկար ճանապարհ անցնող աշակերտների համար պետբյուջեից փոխհատուցում է նախատեսում, արավուսցի երեխաները երբևէ չեն օգտվել այդ հնարավորությունից:

Արավուսի դպրոցը մարզի այն դպրոցներից է, որտեղ աշակերտները միայն տարրական կրթություն են տանում: 5-րդ դասարանից սկսած՝ գյուղի երեխաներին դժվար ճանապարհ է սպասում՝ նրանք պետք է օրական 6 կմ ոտքով հաղթահարեն: «Ժամը 7-ին արթնանում ենք, 7.30 ճանապարհ ընկնում, 8.00-ին կհասնենք: Ցուրտ է, փոքր երեխաներ են, անձրևի տակ ենք մնացել, ես ու երեխաները»,- պատմում է արավուսցի պատանի Սարգիս Ջհանգիրյանը:

Աշակերտների համար քարուքանդ ու ոլորապտույտ ճանապարհը հաղթահարելը սովորական է դարձել, սակայն դա խիստ վտանգավոր է: Վաղ առավոտյան, հատկապես ձմռանը, ձորակի միջով անցնելիս կենդանիների են հանդիպում: Սարգիսն ասում է՝ գայլերի ոռնոցին սովորել են, բայց վախի զգացում միշտ ունեն: «Արջեր էլ են անտառով բարձրացել, գայլեր շատ կան, տեսնում ենք, տնից էլ է երևում, դե ամեն դեպքում՝ վախ կա էլի մեջդ»:

Սարգիսը 16 տարեկան է, Արավուսից Տեղ գնացող երեխաներից ամենաավագն է: Պայմանավորվածության համաձայն, հանդիպման վայրն ինքն է առաջինը հասնում, մյուս 11 աշակերտներին դպրոց ուղեկցելու պատասխանատվությունը նրա վրա է դրվել: «Պետք է ծնողը գա, բայց չի գալիս, գործեր ունեն, չեն հասցնում, փոքր երեխաներ ունեն»,- շարունակում է պատանին:

Արդեն տասնյակ տարիներ այս գյուղի երեխաները ոտքով են անցնում վտանգավոր ճանապարհը: Հասարակական տրանսպորտ չի գործում: Երթևեկման համար էլ փոխհատուցում չեն ստանում: Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենն ընդգծում է՝ երբևէ փոխհատուցման մասին խոսք չի էլ եղել: «Տեղյակ չեմ, որ երբևէ այդպիսի փոխհատուցում եղել է, բացարձակ չի եղել: Նախկինում, խորհրդային ժամանակներում, Գորիս-Տեղ ավտոբուսը նաև Արավուս էր գնում, երեխաները կարող էին օգտվել, բայց արդեն 20 տարի է՝ չկա այդպիսի բան, ոտքով են անցնում վտանգավոր ճանապարհը»,- ասում է փոխտնօրենը:

Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հովիկ Ալեքսանյանը, մինչդեռ, պնդում է, որ աշակերտները համապատասխան փոխհատուցում ստանում են՝ «Ես ամբողջապես տեղեկացված եմ, որ երեխաները ստանում են, եթե ճշտումների խնդիր կա, միասին կճշտենք: Ես խնդիր չեմ տեսնում: Համապատասխան գյուղից մեքենա է տրամադրվում, երեխաներին տրված գումարով իրականացվում է, նաև գյուղապետարանն է կազմակերպում»:

Արավուսի համայնքապետը, մինչդեռ, զարմացած է՝ մի քանի անգամ դիմել է տարբեր ատյանների, այդ թվում՝ մարզպետարան, որպեսզի մեքենա տրամադրեն և տեղափոխման հարցը կազմակերպեն, սակայն, այնտեղից խնդրին երբևէ չեն արձագանքել, գումարների մասին էլ առաջին անգամ է լսում: «Ես ասել եմ, որ մի հատ ՈւԱԶ, «Գազել» կամ «Ֆորդ» հատկացնեն, գյուղ ա էլի, վերջ ի վերջո՝ սահմանամերձ գյուղ է, էն ժամանակ վերջապես պայքարել ենք, մենք էլ ենք մարդ: Մեքենա չեն տվել: 100 տոկոս գումար չեն ստացել»,- ասում է Արգամ Հովսեփյանը:

Երեխաները ևս պնդում են, որ գումար երբևէ չեն ստացել:

Իսկ մինչ այդ, Սարգիսը շտապում է Տեղ գյուղ հասնել, որպեսզի փոքրիկների հետ միասին ոտքով վերադառնան Արավուս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG