Մատչելիության հղումներ

Թուրքիան ճնշումներ է գործադրում Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի վրա


Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը շաբաթ օրը հայտնել է, որ Թուրքիան փորձում է ճնշումներ բանեցնել իրենց վրա, որպեսզի ապրիլի 30-ին նախատեսված համերգի ժամանակ Ցեղասպանություն բառը չհնչի:

Գերմանական նվագախումբը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ համերգով է հանդես գալու, որի ընթացքում երգի կամ ասմունքի մեջ հնչելու է ցեղասպանություն բառը:

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդտը Թուրքիայի փորձը գնահատել է «ոտնձգություն ազատ արտահայտվելու դեմ»:

«Ֆրանսպրեսի» փոխանցմամբ՝ Եվրամիությունում Թուրքիայի պատվիրակությունը Եվրահանձնաժողովից պահանջել է նվագախմբին չհատկացնել նախատեսված 200 հազար եվրո ֆինանսավորումը: Եվրահանձնաժողովը չի համաձայնել կրճատել ֆինանսական օգնությունը, բայց նվագախմբին հորդորել է չօգտագործել ցեղասպանություն բառը, ինչպես նաև ինտերնետային իր կայքից հանել է առաջիկա իրադարձության մասին որևէ հիշատակում:

«Մենք սա շատ վիճահարույց ենք համարում»,- ասել է Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրենը:

Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը «Ֆրանսպրեսի» հետ զրուցում հաստատել է, որ համերգի մասին լուրը հանվել է ինտերնետային կայքից:

«Ծրագրում օգտագործվող տեքստում ձևակերպումների հետ կապված մտահոգությունների պատճառով հանձնաժողովը ժամանակավորապես հանել է այն», - ասել է մամուլի խոսնակը, նշելով, որ ծրագրի նոր բնութագրականը առաջիկա օրերին կվերահրապարակվի:

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը առաջին անգամ Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է անցկացրել անցյալ տարի, երբ նշվում էր ցեղասպանության 100-րդ տարելիցը: Համերգին մասնակցել էին հայեր և թուրքեր: Միջոցառման կազմակերպիչների մտահղացմամբ՝ այն ուղղված էր կողմերի հաշտեցմանը, իսկ ծրագիրը կրել էր հայերենով «Աղետ» անվանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG