Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի հայերն ապրիլի 23-ին տեղի Քոշույոլու հրապարակում Հայոց ցեղասպանությանը նվիրված ակցիա են անցկացրել` պահանջելով ուսումնասիրել 1915 թվականին ձերբակալված և անհետացած հայ մտավորականների ճակատագրերը:
«Որպես Դիարբեքիրի հայեր` մենք Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին շարունակում ենք մեծ ցավ ու ամոթ ապրել, քանի որ 1915 թվականին ձերբակալված հայ մտավորականների և յոթ հայ պատգամավորների ճակատագրերի մասին որևէ տեղեկություն մինչ օրս չկա: Մենք պահանջում ենք իշխանություններից գտնել նրանց մասունքները և թաղել ըստ մեր կրոնի և ավանդույթների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պահանջել են հավաքված Դիարբեքիրի հայերը:
Նրանք պահել են մեծ պաստառ, որտեղ պատկերված են եղել Գրիգոր Զոհրապը, Նազարեթ Տաղավարյանը, Վահան Փափազյանը, Պետրոս Հալաջյանը, ինչպես նաև գրություն հետևյալ բովանդակությամբ. - «Պահանջում ենք մեր հայ մտավորականներին, ովքեր 101 տարի առաջ հանվել և տարվել են իրենց տներից»: Ներկաների ձեռքում եղել են նաև «Ակոս»-ի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի լուսանկարները: