Մատչելիության հղումներ

Հայ զինծառայողները Գերմանիայում բազմազգ զորավարժության են մասնակցում


Լուսանկարը՝ Հայաստանի ՊՆ-ի
Լուսանկարը՝ Հայաստանի ՊՆ-ի

Հոհենֆելսում (Գերմանիա) տեղակայված ԱՄՆ զինված ուժերի միացյալ բազմազգ վարժական կենտրոնում ավարտին է մոտենում «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին մարտի 29-ից մասնակցում է նաև Հայաստանի զինված ուժերի 32-հոգանոց բժշկական ստորաբաժանումը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զորավարժությունում ներգրավված են 16 երկրների ընդհանուր թվով մինչև 5 հազար զինծառայողներ:

Զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովել է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն, և բացազատվել ու առաջին անգամ արտերկրում գործարկվել է Հայաստանի զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը: Զորավարժությանը մասնակցող Հայաստանի ԶՈւ բժշկական անձնակազմը մարտական գործողությունների հնարավորինս նմանեցված պայմաններում ցուցաբերել է վիրավորների տարհանման, առաջին բուժօգնության տրամադրման, վիրավորների վիճակի կայունացման, վիրահատական միջամտությունների իրականացման և այլ բժշկական անհետաձգելի օգնություն:

Զորավարժության ընթացքին հետևելու նպատակով ժամանած Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսը հանդիպում է ունեցել նաև հայ զինծառայողների հետ:

«Նշված զորավարժությանը մասնակցությունը նպաստելու է ՀՀ ԶՈւ ԻՄԵԴՍ շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմի` մարտական պայմաններում անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման մասնագիտական հմտությունների խորացմանը և բազմազգ միջավայրում փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG