Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ հայրենիքում»


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Լեհաստանի Պոզնան քաղաքում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու և Սեյմի նախագահ Մարեկ Կուչինսկու հետ:

Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Շարմազանովը նախագահներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի 1-4-ը սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները:

Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. մասնավորապես, երեխայի սպանությունը, դիակների անդամահատումները, գլխատումները, ինչպես նաև քաղաքացիական անձանց սպանություններն իրենց տներում:

«Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ, ազատ ու անվտանգ հայրենիքում, ինչպես Լեհաստանի ու մյուս պետությունների ժողովուրդները», - իր խոսքում նշել է Շարմազանովը:

Նա հավելել է, որ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալն անթույլատրելի է, և Թուրքիան, փակելով Հայաստանի հետ սահմանները, փաստացի շրջափակման մեջ է պահում Հայաստանը:

Շարմազանովը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ Հայաստանը ԵՄ-ի հետ կունենա համագործակցության հաստատված համաձայնագիր:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը հորդորել է լեհական կողմին դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված ահաբեկչությունը և միջազգային ատյաններում հնչեցնել հասցեական քննադատություն, քանի որ, ըստ Շարմազանովի, ակնհայտ է այն փաստը, որ Ղարաբաղի հետ շփման գծում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհեր ունենալու մեղքի ողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի ներկայիս հանցավոր իշխանության ուսերին:

Խորհրդարանի փոխնախագահը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմն ամբողջությամբ մերժում է խնդրի կարգավորման բանակցային գործընթացը թե՛ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և թե՛ մյուս բոլոր ձևաչափերով:

Խոսելով լեհ-հայկական երկկողմ և բազմակողմ հարաբերությունների մասին՝ Լեհաստանի խորհրդարանի երկու պալատների նախագահները վստահեցրել են, որ հատկապես միջազգային հարթակներում Հայաստանն ունի լեհական կողմի մեծ աջակցությունը: Այդ աջակցության շարունակման, արդյունավետ ու համակարգված աշխատանքի ապահովման համար քննարկվել են համատեղ աշխատանքների իրականացման ձևաչափեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG