Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է, որ վարույթ է ընդունել հանրաքվեին մասնակցող անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը:
Հաղորդագրության համաձայն՝ քաղաքացի Ռուբեն Ա.-ն Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 9/1 տեղամասի հանձնաժողովի անդամները վերցրել են իր տեսախցիկը, իսկ ոստիկանության աշխատակիցները չեն միջամտել:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա վարույթն իրականացնող անձը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այնուհետև Երևան քաղաքի դատախազը վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՔԾ և ընդունվել վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: