Մատչելիության հղումներ

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հայտարարությունը հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ


Հայ զինվորը շփման գծում, 8-ը ապրիլի, 2016թ.
Հայ զինվորը շփման գծում, 8-ը ապրիլի, 2016թ.

Եվրամիության Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ։

Հայաստանի ազգային պլատֆորմը մասնավորապես կոչ է արել միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարների կողմից ստորագրված և 1995 թվականի փետրվարից ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Կրակի դադարեցման ռեժիմի համաձայնագրի շրջանակներում մշակել լրացուցիչ, փոփոխված իրավիճակը հաշվի առնող, իրավական պարտավորություն սահմանող միջոցներ; ապահովել դրանց գործնական կիրառումը և հետևանքներ նախատեսել ուժի չկիրառման սկզբունքը խախտող կողմի համար; ԵԱՀԿ կառույցներին տալ մանդատ՝ հետաքննելու Ղարաբաղյան հակամարտության գոտում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերը՝ անկախ կողմերի համաձայնությունից; որպես այդ առաքելության իրականացման սկիզբ՝ անցկացնել ապրիլի 2-5-ը տեղի ունեցած լայնածավալ ռազմական գործողությունների հանգամանքների մանրամասն հետաքննություն և պաշտոնապես հայտարարել, թե ովքեր են պատասխանատվություն կրում պատերազմի սանձազերծման և ռազմական հանցագործությունների իրականացման համար; կողմերից մեկի հրաժարումը հետաքննության իրականացման համար պայմաններ ապահովելուց համարել տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ագրեսիայի դրսևորման մտադրություն, ինչը պետք է իր արտացոլումը գտնի միջազգային կառույցների համապատասխան փաստաթղթերում; Լեռնային Ղարաբաղին վերադարձնել հակամարտության կարգավորման բանակցային կողմի կարգավիճակը, հետամուտ լինել, որ հակամարտող կողմերի իշխանությունները վերականգնեն քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համագործակցության համար անհրաժեշտ պայմանները՝ ուղղված փոխադարձ անվստահության, քսենոֆոբիայի, թշնամության քարոզչության հաղթահարմանը:

Հայաստանի իշխանություններից Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջել է նախաձեռնել քաղաքական-իրավական հետևանքներ ենթադրող բանավեճ՝ ԵԱՏՄ-ին անդամակցության, միջազգային համագործակցության այլ ձևաչափերին մասնակցության, անվտանգության ապահովման և երկրի զարգացման խնդիրներին համապատասխանության վերաբերյալ, գործուն միջոցներ ձեռնարկել երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում ազգային ներուժն արդյունավետ օգտագործելու համար; կոռուպցիան, պետական կառավարման արատավոր մեթոդները, տնտեսության մեջ առկա մենաշնորհները և հովանավորչությունը, ներդրումների և փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, արհեստական խոչընդոտները, քաղաքացիական ակտիվիզմի զսպումը, դիվանագիտության ոլորտում իներտությունը դիտարկել որպես երկրի անվտանգության անմիջական սպառնալիքներ:

Պլատֆորմը պատրաստակամություն է հայտնել անաչառ և պատասխանատու քննելու Ղարաբաղյան հակամարտության համատեքստում մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերը, անկախ այն բանից, թե որ կողմն է դրանք թույլ տվել, աջակցելու, որ պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, որոնք խախտել են մարդասիրական իրավունքի համընդհանուր նորմերը, նշված ուղղություններով համագործակցելու հակամարտության բոլոր կողմերի ներկայացուցիչների և իրավասու միջազգային կազմակերպությունների հետ:

«Մենք նաև մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի 500-ից ավելի ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համատեղ դիմումին՝ ուղղված Եվրախորհրդարանին», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG