Մատչելիության հղումներ

Դեռևս չի հստակեցվում Հովիկ Աբրահամյանի մասնակցությունը ԵՏՄ վարչապետների նիստին


.
.

Եթե ԵՏՄ անդամ-երկրներից մեկը հրաժարվի մասնակցել վարչապետների խորհրդի նիստին, ապա նիստը չի կայանա։

Առայսօր պարզ չէ՝ արդյո՞ք վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցելու է Մոսկվայում նախատեսված ԵՏՄ վարչապետների նիստին:

Վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանն ավելի վաղ «Ազատության»-ն ասել էր, որ իր մասնակցության վերաբերյալ վարչապետը դեռ որոշում չի կայացրել:

Կառավարության մամուլի ծառայությունից քիչ առաջ փոխանցեցին, որ նշվածին ավելացնելու ոչինչ չունեն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության պետի տեղակալ Մարինա Շկուռլատովան այսօր «Ազատության»-ն ասաց, որ առայսօր իրենք ևս տեղյակ չեն՝ արդյո՞ք Հայաստանի վարչապետը մասնակցելու է Մոսկվայում նախատեսված նիստին:

«Դեռևս պաշտոնական տեղեկություն չունենք, որ ամսի 13-ին Մոսկվայում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Ոչինչ չենք կարող մեկնաբանել, որովհետև չունենք պաշտոնական տեղեկություն: Նման տեղեկություն ունեն ԵՏՄ անդամ-երկրների վարչապետները, որոնք պետք է պայմանավորվեն նիստի անցկացման շուրջ: Երբ նման պայմանավորվածություն ձեռք բերվի, նիստի հետ կապված հստակություն ի հայտ կգա: Կարծում եմ, ճիշտ կանեք, եթե Հայաստանի վարչապետի մասնակցության հարցը ճշտեք Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից», - ասաց Շկուռլատովան։

Ավելի վաղ ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը գրել էր, որ ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստը կայանալու է ապրիլի 13-ին Մոսկվայում:

Հարցին՝ եթե ԵՏՄ անդամ-երկրներից մեկը հրաժարվի մասնակցել վարչապետների խորհրդի նիստին, արդյո՞ք նիստը կկայանա, Շկուռլատովան պատասխանեց. - «Այդ դեպքում, իհարկե, նիստը չի կայանա: Պետք է բոլոր կողմերը մասնակցեն գագաթնաժողովին»:

Ըստ Շկուռլատովայի, անդամ-երկիրը կարող է նիստին ներկայացված լինել ոչ միայն վարչապետի մակարդակով: Օրինակ, Բելառուսում անցած սեպտեմբերին կայացած նիստին Ղազախստանը ներկայացնում էր փոխվարչապետը:

ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստը պետք է կայանար ապրիլի 8-ին Երևանում, սակայն Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների ժամանակ Ղազախստանի նախաձեռնությամբ և առնվազն Ռուսաստանի համաձայնությամբ, որոշվեց նիստը հետաձգել և անցկացնել Մոսկվայում՝ անորոշ պաշտոնական ձևակերպմամբ՝ «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»:

Հայաստանի դաշնակիցների նման որոշումը խիստ բացասական արձագանք գտավ Երևանում: Անցած հինգշաբթի ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ նախագահ Սարգսյանը բարձրաձայնեց այդ մասին:

«Ցավում եմ, որ ԵՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է», - ասաց Հայաստանի նախագահը:

Ի դեպ, նույն օրը Մեդվեդևի հետ հանդիպումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հայտնեց՝ երեկոյան քննարկումներից հետո պարզ կլինի՝ արդյո՞ք մեկնելու է ԵՏՄ վարչապետների հանդիպմանը:

Այսօր ողջ օրվա ընթացքում «Ազատության»-ը չհաջողվեց իշխող Հանրապետականից մեկնաբանություն ստանալ՝ ինչ են մտածում Մոսկվա՝ Հովիկ Աբրահամյանի մեկնելու նպատակահարմարության վերաբերյալ, հանրապետականները չցանկացան խոսել:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության»-ն ասաց․ - «Տեղի են ունեցել պատերազմական գործողություններ, դրանց շուրջ ծավալվել են դիվանագիտական զարգացումներ, այդ ամբողջը լուրջ մարտահրավեր է Հայաստանին, և անկախ ՀԱԿ-ի գնահատականներից, քննադատությունից, տվյալ պահին ապրում ենք ռազմական ժամանակի օրենքներով, ինչը նշանակում է, որ այս պահին չենք մեկնաբանում դիվանագիտական գործընթացները»:

«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Հայաստանի վարչապետը չպետք է մասնակցի ԵՏՄ վարչապետների խորհրդի մոսկովյան նիստին:

«Մենք իրենց պետք է հասկացնենք, որ մենք փնտրում ենք արդեն այլ դաշնակիցներ և մեր ռազմավարությունը պետք է մենք նաև դիվերսիֆիկացնենք։ Սա միանշանակ է և սա պետք է ընդգծվի։ Եթե դու գնում ես, դու չես ընդգծում և փաստորեն ընդունում ես այն իրողությունը, որ դու հնարավորություն չունես այլընտրանքների», - ասաց Փոստանջյանը։

XS
SM
MD
LG