Մատչելիության հղումներ

Օսկանյան․ Բաքվին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը՝ թիվ մեկ խնդիր


Վարդան Օսկանյան, արխիվ
Վարդան Օսկանյան, արխիվ

Չորսօրյա պատերազմից հետո միանշանակ է, որ ղարաբաղյան հակամարտությունը նոր փուլ է մտել: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ֆեյսբուքում կատարած գրառման մեջ կարծիք հայտնելով, որ հայկական կողմը շատ արագ պետք է կարողանա տալ պատերազմական իրավիճակի առաջացման պատճառների ճիշտ բացատրությունը, գնահատել այդ օրերին իր գործողությունները և ճշգրտել հետագա անելիքները, նախկին արտգործնախարարն ընդգծում է․ - «Այստեղ գլխավորն իհարկե այն է, թե արդյոք հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը և խուսափել բազմաթիվ զոհերից»։

«Առհասարակ, 1994-ից ի վեր զինադադարի պահպանմանը նպաստել է երկու գործոն՝ բանակցություններով հարցի կարգավորման իրական հեռանկարը և շփման գծի երկու կողմում ռազմաքաղաքական ու տնտեսական հավասարակշռությունը: Վերջին տարիներին այս գործոններն էապես խախտված են։ Մի կողմից բանակցությունները տևական ժամանակ է՝ խոր փակուղու մեջ են, մյուս կողմից՝ ռազմատենչ հայտարարությունների և սպառազինությունների վրա մեծ ծախսերի արդյունքում Ադրբեջանը սկսել էր հավատալ իր ռազմական առավելությանը: Ահավասիկ, այս երկու գործոնների համադրումն էր, որն իր պատերազմական արտահայտությունը գտավ վերջին օրերին», - նշում է Օսկանյանը՝ հավելելով․ - «Այս երկու հարթություններում էլ մենք լուրջ անելիքներ ունենք»։

«Ռազմական հարթությունում հաճախ ուժի ընկալումը, թեկուզ և ոչ իրական, նույնքան հետևանքային կարող է լինել, որքան ուժի իրական առկայությունը։ Ես կարծում եմ, որ մեր բանակի համարժեք պատասխանը Ադրբեջանին և նրանց կրած հարյուրավոր զոհերն ու ռազմատեխնիկայի կորուստները կփոխեն ռազմական հավասարակշռության խախտման մասին նրանց ընկալումները: Բայց դա չի նշանակում, թե մենք անելիքներ չունենք: Մեր անելիքները նաև թիկունքում են, և դրանք լուրջ անելիքներ են», - շեշտում է նախկին արտգործնախարարը:

Դիվանագիտական հարթությունում, Օսկանյանի համոզմամբ, անհրաժեշտ է բանակցությունները փակուղուց դուրս հանել: «1991-1994 թթ. ռազմի դաշտում տարած հայկական կողմի հաղթանակը դիվանագիտորեն ամրագրելու կարիքն ունի ոչ թե Ադրբեջանը, այլ հայկական կողմը: Բանակցային փակուղին չի բխում մեր շահերից։ Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը մեր դիվանագիտության և արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրը պետք է լինի», - համոզված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG