Մատչելիության հղումներ

Ըստ Կրեմլի՝ իրավիճակը Ղարաբաղում հեռու է կայուն լինելուց


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի գնահատմամբ՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հեռու է կայուն լինելուց: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա ասել է, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում «տեղի է ունեցել ցատկ դեպի ետ»:

«Մինչև այս թեժ բախումների վերսկսումը կային շատ լավ մշակումներ, արվել էին շատ դրական քայլեր կարգավորման ուղղությամբ, այժմ, ցավոք, տեղի ունեցավ ցատկ դեպի ետ, շատ առումներով հարկ կլինի այժմ ետ բերել բաց թողածը», - ընդգծել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը հավաստիացրել է, որ պաշտոնական Մոսկվան կշարունակի օժանդակություն ցուցաբերել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ է և հակամարտության հենց սկզբից լուրջ ջանքեր է գործադրում խաղաղ կարգավորման պայմանների ապահովման համար:

«Ռուսաստանը պահպանում է բարի, գործընկերային հարաբերություններ թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ, ինչպես նաև օգտագործում է այդ հարաբերությունները՝ ստեղծելու հիշյալ պայմանները ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակներում», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG