Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Պաշտոնական այցով Բեռլին ժամանած նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները հայ-գերմանական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում երկուստեք կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունը, որի զարգացման գործում Սերժ Սարգսյանը կարևորել է Նորբերթ Լամմերթի ավանդը:

«Դուք ոչ միայն խրախուսում եք երկու խորհրդարանների միջև կապերը, որոնք գործնական հարթակ են ձևավորում փոխադարձ շահերի լիարժեք ընկալման համար, այլև Ձեր ուշադրության ներքո եք պահում հայ ժողովրդին վերաբերող հարցերը», - Լամմերթին ասել է Սարգսյանը՝ որպես ասվածի վկայություն նշելով Բունդեսթագի նախագահի մասնակցությունը Գերմանիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին, ինչպես նաև նրա ելույթը Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստին։

Նորբերթ Լամմերթը վստահություն է հայտնել, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը և դրա շրջանակում հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ նոր մակարդակի կբարձրացնեն հայ-գերմանական քաղաքական երկխոսությունն ու կընդլայնեն համագործակցությունը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ և հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի տեսանելի ապագայում:

Ի պատասխան Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Լամմերթի հարցին, Սարգսյանը տեղեկացրել է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված առաջիկա զարգացումների մասին և շնորհակալություն հայտնել գերմանական կողմին այդ գործընթացում տրամադրված խորհրդատվական աջակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG