Միացյալ Նահանգները հետևողականորեն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի գործընթացը: Այդ մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Մարկ Թոները:
«Մենք վճռականորեն սատարում ենք համանախագահների միջնորդական ջանքերը՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Խարտիայի և Հելսինկյան եզրափակիչ ակտի, հատկապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա», - մասնավորապես հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: