Մատչելիության հղումներ

Իրանի ռազմական կցորդը հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն


ՊՆ վարչական համալիրը Երևանում
ՊՆ վարչական համալիրը Երևանում

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, փոխանցում է ՊՆ պաշտոնական կայքը:

«Հանդիպման առիթը ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունը և դրան առնչվող ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրն այն մասին, իբր արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Արևելյան Ատրպատական նահանգի Վերին Կոլիբեգլու գյուղում կան վիրավորներ և ավերածություններ: Իրանի ռազմական կցորդը չհաստատեց վիրավորների առկայության մասին տեղեկատվությունը և հայտնեց, որ իրանական կողմը դիմել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերին՝ առավելագույն ուշադրություն ցուցաբերել նման կարգի պատահարները բացառելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:

Համաձայն ՀՀ ՊՆ-ի՝ ճշտելով գյուղի աշխարհագրական կորդինատները, հայկական կողմը հայտնել է, որ նշված բնակավայրը գտնվում է ղարաբաղյան ուժերի թիկունքում, հետևաբար, հայկական ուժերի կողմից դրա հրետակոծումը քիչ հավանական է:

«Հանդիպման ընթացքում նշվել է, որ այս փաստը շատ նման է սադրանքի և չի բխում հայկական կողմի շահերից»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անմիջական շփումները՝ ապատեղեկատվության տարածումը բացառելու համար: Ղարաբաղի պաշտպանական բանակը լրացուցիչ կուսումնասիրի հրետակոծման փաստը և համապատասխան կարգով կտեղեկացնի իրանական կողմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG