Ադրբեջանի արտգործնախարարությունը հերթական հայտարարությունն է տարածել, որում պնդում է, թե չնայած նախօրեին երկրի զինված ուժերը «խաղաղասիրական մտադրություններով միակողմանիորեն դադարեցրել են հակահարձակումը, Հայաստանի զինված ուժերը, օգտագործելով հրետանի և ծանր սպառազինության այլ տեսակներ, ինտենսիվ գնդակոծության են ենթարկել ադրբեջանական բանակի դիրքերը, բնակավայրերը և քաղաքացիական բնակչությանը զորքերի շփման գծի երկայնքով»:
«Գրոհները և սադրանքները», ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության, շարունակվում են հիմնականում Թերթերի (Թարթառ) և Աղդամի ուղղությամբ: «Հայաստանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման շարունակման դեպքում պատասխանատվությունը Ադրբեջանի ԶՈւ-ի միջոցառումների և հակագործողությունների համար, որոնք կձեռնարկվեն շփման գծի երկայնքով բնակվող քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով, ամբողջովին կընկնի Հայաստանի Հանրապետության վրա», - ասված է հայտարարությունում:
Հայկական կողմը, հիշեցնենք, հերքում է «հակահարձակումը և պատասխան գործողությունները» միակողմանիորեն դադարեցնելու մասին Բաքվի պնդումները: