Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը կոչ է անում միջազգային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ հայտարարելով, որ ադրբեջանական ներկայիս վարչակարգը չի կարող վստահելի գործընկեր համարվել միջազգային հանրության կողմից:
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը հայտարարում է, որ խորին հուզմունքով է տեղեկանեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացված լայնամասշտաբ ռազմական հարձակման մասին:
«Մենք ցանկանում ենք մեր արդարացի զայրույթն արտահայտել մահաբեր այս նոր հարձակման առիթով: Մենք նաև մեր աջակցությունն ենք արտահայտում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Սփոփված ենք, որ պաշտպանական միջոցառումների շնորհիվ այդ հարձակումները կանգնեցվել են»,- ասել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։
Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը խստագույնս դատապարտել է ադրբեջանական կողմից հարձակումները, որոնք «ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունը չի ցանկանում արդար և վերջնական կերպով խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ»:
«Այս հարձակումները տեղի են ունենում անգամ այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևը դեռ երեկ ուխտադրուժ կերպով իր բարի կամքն էր հավաստում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին: Ֆրանսիան և ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահ տերությունները պետք է լիարժեք կերպով ընկալեն, թե ինչ է դա նշանակում․ դա նշանակում է, որ Ադրբեջանի խոսքը ոչինչ չարժե, որ այդ երկիրն առաջնորդվում է իշխանության եկած հանցախմբի պատերազմածին կամքով»,- հայտարարել է Ռոշբլուանը։