Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփմանգծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ», - հաղորդում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ հավելելով, որ առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ:
«Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 (Գրադ) տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ Պաշտպանության բանակը հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ», - ասված է գերատեսչության հաղորգադրությունում:
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նշում է, որ թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը, որի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նաև լուսանկարներ է հրապարակել։