Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին «խիստ մտահոգիչ» է որակել ղարաբաղյան շփման գծում թեժ ռազմական գործողությունների մասին հաղորդումները:
«Ես կողմերին կոչ եմ անում անմիջապես դադարեցնել կրակը և պահպանել հրադադարը: Կողմերը պետք է զսպվածություն հանդես բերեն և խուսափեն հետագա ցանկացած գործողությունից և հայտարարություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը: ԵՄ-ն ցավում է մարդկային կորուսների, հատկապես խաղաղ բնակչության շրջանում մահվան դեպքերի համար»,- հայտարարել է Մոգերինին:
ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահների ջանքերին: «Մենք ակնկալում ենք, որ կողմերը կպահպանեն հրադադարը, զերծ կմնան ուժի կիրառումից և կվերսկսեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղված ջանքերը»,- ասել է Մոգերինին: