Մատչելիության հղումներ

Վիրավոր երեխաները վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում


Այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Զորավան գյուղում հրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը դեռևս կայուն ծանր է։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը՝ հավելելով, որ երեխաներն արդեն վիրահատվել են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Վիրավորված 11 և 12-ամյա երեխաներից մեկն ստացել է ազդրի բազմաբեկորային կոտրվածք, մյուսի մոտ վնասվել են ոտքի փափուկ հյուսվածքները։ Հիվանդանոցի տնօրենը վստահեցրեց, որ երեխաներն ապահովված են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ դեղորայքով ու արյան պրեպարատներով։

Նույն վայրում տեղի ունեցած հրետակոծության հետևանքով զորավանցի ևս մեկ երեխա զոհվել է։ ԼՂՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ այս պահին խաղաղ բնակչության շրջանում այլ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG