Մատչելիության հղումներ

Լայվ բլոգ. բախումներ շփման գծի ողջ երկարությամբ

Ապրիլի 1 լույս 2-ի գիշերվանից շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում:

22:35 3.4.2016

Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրը պետք է անհապաղ լուծվի, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Այն պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության՝ Անթալիայում հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է տարածքների վերադարձի մասին՝ ավելացնելով, որ դա պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում: Չավուշօղլուն նաև քննադատել է Մինսկի խմբին՝ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը չլուծելու համար»:

22:30 3.4.2016

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ընթացող հակամարտության և 2016 թվականի ապրիլի 2-ին իրավիճակի խիստ վատթարացման հումանիտար հետևանքներով: Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:

«Մենք պատրաստ ենք աջակցել և սատարել հակամարտության վերջին լարվածության հետևանքով տուժած անձանց և հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,- ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը: «Հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության և շինությունների պաշտպանվածությունը», - ավելացրել է Վիալը:

22:26 3.4.2016

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր շխատանքային խորհրդակցություն է հրավիրել։

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, խորհրդակցությանը քննարկվել են «առաջնագծում տիրող իրավիճակին և հակառակորդի հանցավոր ոտնձգությունները կանխելու ուղղությամբ Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր»:

20:31 3.4.2016

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են, կիրակի երեկոյան հաղորդեց Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը: Հաղորդագրության համաձայն՝ ծավալված մարտական գործողությունների ընթացքում Պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 («​Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ:

20:30 3.4.2016

Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ: Քննարկվել են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները: Երկուստեք կարևորվել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:

20:29 3.4.2016

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, Կվիրիկաշվիլին այսօր անցկացրել է խորհրդակցություն՝ արտգործնախարարի, ուժային կառույցների ղեկավարների, խորհրդարանականների մասնակցությամբ: «Վարչապետը անհանգստություն է հայտնել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողությունների հետ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում», - ասված է հաղորդագրությունում:

19:20 3.4.2016

Հայկական կողմը հյուսիսային ուղղությամբ իրականացրած պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի ևս մեկ տանկ է ոչնչացրել՝ ադրբեջանական խփված տանկերի թիվը հասցնելով 15-ի, «Ազատության» հետ զրույցում փոխանցեց պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։

19:17 3.4.2016

«Ազատության» նկարահանող խումբը Մարտակերտում է: Դիտեք մեր ստացած առաջին կադրերը:

18:46 3.4.2016

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով: Ըստ ռուսաստանյան РИА Новости գործակալության, այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Մանրամասներն՝ այստեղ:

17:29 3.4.2016

Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը հրավիրվել է Հայաստանի արտգործնախարարություն։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպմանն արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի արտգործնախարարության հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր՝ հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքներին և չափանիշներին համապատասխան, և առաջին հերթին՝ սուվերենության պահպանման և ապահովման, տարածքային ամբողջականության և պետությունների սահմանների անխախտության սկզբունքների և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ-ի որոշումների հիման վրա», - մասնավորապես ասված է Բելառուսի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրությունում:

Մանրամասներն՝ այստեղ:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG