Այսօր երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի դեսպաններին, Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուին: Նա ներկայացրել է իրավիճակը շփման գծում և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված հայկական կողմի գործողությունների բովանդակությունը:
Ղարաբաղյան շփման գծում վերջին իրադարձությունները և ստեղծված իրավիճակն են քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Իսմեթ Յըլմազը, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ: «Բանակցությունների ընթացքում թուրքական կողմը լիակատար աջակցություն հայտնեց Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Անհանգստացած եմ Լեռնային-Ղարաբաղում ծավալվող իրադարձություններով», - Թվիթերում գրել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
«Կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան բանակցությունների սեղանի մոտ», - հավելել է նա:
«Լրջորեն մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումներով», - Թվիթերում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։
«Կողմերը պետք է դադարեն կրակել և կայունացնեն իրավիճակը», - շեշտում է Հյուսիսատլանտյան դաշինքի հատուկ ներկայացուցիչը։
Եվրամիությունը կոչ է անում վերսկսել խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: «Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն հետագա ցանկացած գործողությունից և հայտարարությունից, որ կարող է ավելացնել լարվածությունը»,- հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին:
ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահների ջանքերին: «Մենք ակնկալում ենք, որ կողմերը կպահպանեն հրադադարը, զերծ կմնան ուժի կիրառումից և կվերսկսեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղված ջանքերը»,- ասել է Մոգերինին:
Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնելԱդրբեջանի նախագահին՝ «ճակատային գծում» զինծառայողների զոհվելու կապակցությամբ: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում մարտական գործողությունների ահագնացմամբ՝ կոչ անելով կողմերին «կասեցնել միանգամայն անտեղի արյունահեղությունը, որը ոչ մի տեղ չի տանում»:
«Կոչ եմ անում կողմերին պաշտպանել կյանքի իրավունքը, որ երաշխավորված է Եվրոպական կոնվենցիայով, վերադառնալ հրադադարին և վերականգնել խաղաղ բանակցությունները: Սա մարդասիրական հրամայական է»,֊հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը։
Հայկական կողմն այս պահին ունի 18 զոհ և 35 վիրավոր` հայտնել է Սերժ Սարգսյանը՝այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում: Հայաստանի նախագահը նշել է, նաեւ, թե Հայաստանն ու Ղարաբաղը կարող են ռազմական փոխօգնության պայմանագիր ստորագրել:
«Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ»,-Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է նախագահ Սարգսյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ցավակցություն է հայտնել «ճակատային գծում» մարտերի ընթացքում զինծառայողների զոհվելու կապակցությամբ, փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ղարաբաղից 3 վիրավոր զինվոր ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից հաղորդում է «Ազատության» թղթակից Ռուզան Գիշյանը:
Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնել է, որ երեքի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր, երկուսին այս պահին վիրահատում են: