ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի (ապրիլի 4-ին) կհանդիպեն Վիեննայում, իսկ երեքշաբթի (ապրիլի 5-ին) կկայանա Մինսկի խմբի լիակազմ հանդիպումը, որտեղ կքննարկվի Լեռնային Ղարաբաղում բռնության դեպքերը: Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը խստորեն դատապարտել է ուժի կիրառումը հայ-ադրբեջանական շփման գծում՝կոչ անելով կողմերին դադարեցնել կրակը և տեղում ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը կայունացնելու համար: Ժամեր առաջ տարածված հայտարարությամբ համանախագահները վերահաստատում են, որ հակամարտության խաղաղ, բանակցային հանգուցալուծմանը այլընտրանք չկա, և պատերազմը տարբերակ չէ:
Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է Բաքվի հաղորդումները, թե ադրբեջանական զինուժը երկու գյուղ է գրավել: Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը քիչ առաջ «Ազատության» հետ զրույցում սուտ է որակել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդումը, թե «զինուժն ամբողջովին ազատագրել է Թալիշ գյուղի շրջակա բարձունքները, ինչպես նաև Սեյսուլան բնակավայրը»:
Ղարաբաղի Առողջապահության նախարարությունը հաղորդում է հիվանդանոց տեղափոխված չորս վիրավորների մասին: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել 55 ամյա Ծովինար Աղաջանյանը՝ աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, 43 ամյա Գարեգին Աղաջանյանը՝ որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, 31 ամյա Զավեն Ավանեսյանը՝ իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով և 19 ամյա Հայկ Թորոսյանը՝ գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով:
Վիրավորների վիճակը գնահատում են կայուն ծանր, նրանք գտնվուն են վերակենդացման բաժանմունքում:
Սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են՝ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ընդգծելով՝ հայկական կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
ՀԱՊԿ-ը անդրադարձել է իրավիճակի սրմանը՝ ըստ էության մեղադրելով Ադրբեջանին: «Բաքվի գործողությունները տվյալ դեպքում հանգեցնում են հակամարտության և իրավիճակի սրման»,-«Интерфакс-АВН»-ին ասել է կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը՝հավելելով․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտապես կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ։
Ղարաբաղի Զորավան գյուղում այս գիշեր վիրավորված երեխաները վիրահատվել են, նրանց վիճակը դեռևս կայուն ծանր է՝ «Ազատությանը» հայտնել է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը։
Վիրավորները 11 և 12 տարեկան են, մեկը ստացել է ազդրի բազմաբեկորային կոտրվածք, մյուսի մոտ վնասվել են ոտքի փափուկ հյուսվածքները։ Նույն վայրում տեղի ունեցած հրետակոծության հետևանքով զորավանցի ևս մեկ երեխա զոհվել է։ ԼՂՀ առողջապահության նախարարությունը հաղորդում է, թե այս պահին խաղաղ բնակչության շրջանում այլ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չունեն։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ։
Նախագահական նստավայրի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Պաշտոնական Ստեփանակերտը ճշտում է վիրավորների թիվը՝ «Ազատության» հետ զրույցում ասել է Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի պահվածքի վերաբերյալ:
«Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն»,- ասել է ղարաբաղցի պաշտոնյան: