Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն Մինսկի խմբից ակնկալում է «անհապաղ հասցեական միջամտություն»


ՊՆ վարչական համալիրը Երևանում
ՊՆ վարչական համալիրը Երևանում

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

«Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր»,- ասված է հաղորդագրությունում:

ՊՆ հայտարարությունում նշվում է, որ այս պահի դրությամբ ԼՂ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետևանքների: Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները»,- հայտարարում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար:

Ղարաբաղյան կողմը առավոտյան հայտնեց, որ շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ, Պաշտպանության բանակի հակաօդայինները շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող ադրբեջանական մեկ ուղղաթիռ։ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ երկու կողմից էլ զոհեր կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG