Հանրապետականի ապագա քաղաքական դպրոցը ներկայացնելիս կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն հենց սկզբից քննադատությունների տարափին անդրադարձավ։
Այսօր կուսակցության կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանը Աշոտյանը պնդեց՝ որոշ մարդիկ սխալ են ընկալել միտքը և համեմատում են խորհրդային տարիների կուսակցական դպրոցների հետ, որոշներն էլ նախանձում են։
«Ոմանք, իհարկե, ցուցաբերեցին հումորի շատ բարձր աստիճան, ոմանք` պարզապես քաղաքական մաղձի շատ բարձր աստիճան: Դժվար է լինել Հայաստանում առաջինը, բայց մենք անցել եք այդ ճանապարհը: Հիշեցեմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Անկախ Հայաստանում գրանցված առաջին քաղաքական կուսակցությունն է և մեր նախաձեռնություններից շատերը հենց առաջինն են եղել քաղաքական դաշտում, դպրոցը նույնպես բացառություն չէ», - ասաց Աշոտյանը:
Կրթության և գիտության նախկին նախարարի պնդմամբ՝ հանրապետականների մոտ սովորելը և սովորեցնելը լավ է ստացվում։ Դպրոցը վճարովի է լինելու, փորձելու են կրթական ծրագրերի միջոցով բարելավել համակիրների և անդամների կազմակերպական, քաղաքական և ինտելեկտուալ կարողությունները։
Գաղափարը վաղուց է եղել, բայց առաջարկը, Աշոտյանի խոսքով, ինքն է բյուրեղացրել։
«Դպրոցը զարկ է տալու քաղաքական և քաղաքագիտական վերլուծական մտքի զարգացմանը Հանրապետական կուսակցության շրջանակներում, դա նշանակում է՝ նաև Հայաստանում, որովհետև կրկնեմ, որ ոչ մի քաղաքական կուսակցություն այսօրվա դրությամբ, բացի Հանրապետական կուսակցությունից, նման որոշում և նման կազմակերպված քաղաքական դպրոց չունի», - վստահեցրեց նա:
Աշոտյանի պնդմամբ, իրենք արևմտյան ուղով են գնալու, համագործակցելու են գերմանական, ավստրիական և ռուսական կուսակցական դպրոցների հետ:
Հանրապետական կուսակցության հիմնադիրներից` պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն առաջարկում է ավելի հեռուն գնալ և կուսակցական մանկապարտեզներ հիմնել: Նա Հանրապետական քաղաքական դպրոց ունենալու միտքը չի ընդունում, «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ երբ Աշոտ Նավասարդյանի հետ հիմնում էին կուսակցությունը՝ սերնդափոխության նպատակով երիտասարդական կառույց հիմնեցին և դպրոցի կարիք հիմա էլ չկա։ Իշխող ուժի խորհրդի անդամի կարծիքով, երբ առաջատար կուսակցությունը դպրոցներ է բացում, դա արդեն դիկտատուրա է:
«Եվ վերջապես` համեմատում ենք Գերմանիայի հետ. բացեցին կուսակցական դպրոց, որ Հիտլեր առաջացավ: Բայց ախր կուսակցական դպրոցը ո՞րն է, ուզում եմ հասկանամ: Դե բերեք դպրոցից չսկսենք, մանկապարտեզից սկսենք», - ասաց Աղաբաբյանը:
Կուսակցական մանկապարտեզներ բացելու՝ Աղաբաբյանի առաջարկին Աշոտյանը հումորով է վերաբերվում, ասաց, որ որոշումը Գործադիր մարմնի նիստում են կայացրել: Աղաբաբյանը խորհրդի անդամ է, որի առաջիկա նիստում անդամներին լրացուցիչ տեղեկություններ կտան։
«Կարծում եմ, որ մեր հարգարժան գործընկեր պատգամավորի հումորը դուք չեք գնահատել, հակառակ պարագայում նման լուրջ դեմքով այս լուրջ միջոցառման ժամանակ դա չէիք արտաբերի», - ասաց նա:
Աշոտյանը պնդում է՝ Աղաբաբյանի կարծիքը ապացուցում է, որ իրենց կուսակցությունում բազմակարծություն կա։
Քաղաքական դպրոցում հայտնի հանրապետականներ Առաքել Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանը, Սեյրան Սարոյանը չեն դասավանդելու, ոչ էլ ուսանելու են, հայտարարեց կուսակցության փոխնախագահը: Փոխարենը դասախոսելու են հրավիրում «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին։ Վերջինս էլ «Ազատության»-ը փոխանցեց, որ չի բացառում համագործակցությունը, բայց պետք է ազատ աշխատի: Նա պատրաստվում է հանրապետականներին պատմել, թե ինչպես են կեղծում ընտրությունները և ինչու չի կարելի դա անել։ Սաֆարյանի խոսքով, ողջունելի կլինի, եթե որոշ ավագ հանրապետականներ էլ գան դպրոց սովորելու։
Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը կգործի մայիսից։