Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մարտի 27-ին հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց «վերամիավորման երթի»՝ Եվրամիության անդամ Ռումինիայի հետ միավորվելու պահանջով:
Ցույցի կազմակերպիչների պնդմամբ, «վերամիավորման երթին» շուրջ 50,000 մարդ է մասնակցել, մինչդեռ ոստիկանության գնահատականներով ցուցարարների թիվը հասել է 5-6 հազարի:
Ռումինիայի հետ միանալու գաղափարը Մոլդովայում նոր չէ, այդ երկրի քաղաքական գործիչները Խորհրդային Միության փլուզումից հետո պարբերաբար խոսում էին այդ մասին։
1918 թվականի մարտի 27-ին Բեսարաբիայի խորհրդարանը քվեարկել էր Ռումինիային միանալու օգտին։ Այն ժամանակ Մոլդովայի տարածքում էին գտնվում ռումինական զորքերը։ Միավորման կողմնակիցներն ամեն տարի մարտի 27-ին երթեր ու հավաքներ են անցկացնում։