Նախագահ սերժ Սարգսյանին այսօր հայ-արգենտինյան հարաբերությունների օրակարգի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, Հայաստանի նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
«Արգենտինայի հետ մեր հարաբերությունների առանձնահատկությունը պայմանավորված է այդ երկրում գործող կենսունակ համայնքի առկայությամբ։ Միայն Էդուարդո Էռնեկյանի շնորհակալ և ակտիվ գործունեության շնորհիվ մեր առևտրատնտեսական հարաբերություններն այսօր գտնվում են լավ մակարդակի վրա, դրանք մշտապես աճ են արձանագրում: Թեև ապրանքաշրջանառության ցուցանիշները մեզ բացարձակ չեն գոհացնում, այնուհանդերձ, այս ընթացքում արձանագրված կտրուկ աճը հույս է ներշնչում, որ ծավալները մեծացնելու զգալի ներուժ կա», - ասել է նախագահը։
Նա նշել է, որ Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով 5-րդ երկիրն է, և արգենտինյան ներդրումները Հայաստանում հասել են շուրջ 400 միլիոն դոլարի:
«Ես պետք է ուրախությամբ նշեմ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գործունեության մասին, որն իրականացնելով «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը, «Զվարթնոց» օդանավակայանը դարձրեց միջազգային չափանիշներին համապատասխանող: Օտարերկրացիների մեծ մասը, մուտք գործելով Հայաստան, հենց «Զվարթնոց» օդանավակայանում առաջին դրական տպավորություններն են ստանում: Այս օդանավակայանն առաջին այցեքարտն է դեպի Հայաստան», - ասել է նախագահը՝ հավելելով. - «Շատ կարևոր է գյուղատնտեսության ոլորտում գործող «Տիեռաս դե Արմենիա» ընկերության գործունեությունը Հայաստանում: Այստեղ խոսքը գնում է նաև այգեգործության, մասնավորապես՝ խաղողագործության ոլորտում Հայաստան նոր, առաջատար մշակույթի ներմուծման մասին: «Կարաս» գինու գործարանի արտադրանքն արդեն ճանաչելի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս, և այս երկու ընկերությունները, իհարկե, նոր ուղի են բացում հայկական գինեգործության համար: Կարծում եմ, որ այս ընկերությունները կարող են նաև խթան հանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար»:
Որպես հաջող օրինակ, Սերժ Սարգսյանը նաև նշել է «Կոնվերս բանկի» գործունեությունը, որը, ըստ նախագահի, ֆինանսական շուկայում մշտապես նոր ծառայություններ է առաջարկում, նոր գործիքներ օգտագործում և սրանով նաև խթանում է մրցակցությունը բանկային ոլորտում:
«Շատ խոստումնալից կարող է լինել «Տանգո» ընկերության մուտքը հայկական շուկա, որը գործունեություն է ծավալելու զբոսաշրջության և հյուրանոցաշինության ոլորտում: Վստահ եմ, որ այս ընկերությունն էլ հաջողություններ է գրանցելու: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք արգենտինահայ գործարարների և, ընդհանրապես, արգենտինացիների գործունեությունն ուղղենք դեպի երրորդ երկրներ, նրանց ուշադրությունը հրավիրենք Հայաստանի հնարավորությունների վրա՝ պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությամբ: Կարծում եմ, այստեղ Հայաստանը կարող է շատ լավ հարթակ և հանգրավանային կետ հանդիսանալ: Այս ուղղությամբ պետք է աշխատանքներն ակտիվացնել», - ասել է նախագահը:
Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս հանդիպում է ունենալու Արգենտինայի նախագահի հետ։
Ալեքսան Հարությունյանը ներկայացրել է համագործակցության այն հեռանկարային և փոխշահավետ ոլորտները, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու պարագայում, լիարժեքորեն կօգտագործվի հայ-արգենտինյան հարաբերությունների առկա ներուժը՝ ավելի մեծացնելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները:
Դեսպանը զեկուցել է Արգենտինայի, Չիլիի և Ուրուգվայի ղեկավարության հետ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի իրականացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները:
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են նաև միջխորհրդարանական և միջկառավարական ձևաչափերով հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին: