ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հետաքննիչ, արդարադատության մայոր Սամվել Ալոյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ պաշտոնական փաստաթղթերում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ: Ալոյանին մեղադրանք է առաջադրվել:
Համաձայն ՀՔԾ-ի հաղորդագրության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում 2013թ.-ին Ալոյանը «Սևան» ՔԿՀ-ում զննության է ենթարկել դրսից հիշյալ ՔԿՀ-ի տարածք նետված փաթեթը, դրանից հետո անձնական խուզարկության է ենթարկել թմրամիջոց նետելու կասկածանքով բերման ենթարկված Հ. Չ.-ին և հիշյալ գործողություններն առանց ընթերակաների մասնակցության` կազմել, շրջանառության մեջ է դրել պաշտոնական կեղծ փաստաթղթեր:
Բացի այդ, Ս. Ալոյանը, դարձյալ ընթերակաների բացակայության պայմաններում, կազմել ու շրջանառության մեջ է դրել Հ. Չ.-ից փորձաքննության նմուշ վերցնելու և ստանալու մասին ևս երկու կեղծ արձանագրություն:
Հետաքննիչը կեղծ արձանագրությունները կցել է նյութերին, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 34-268-հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ և այն ըստ ենթակայության քննության է ուղարկել ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժին, որտեղ կատարված նախաքննությունից հետո, քրեական գործը մեղադրական եզրակացության կազմմամբ ուղարկվել է դատարան: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հ. Չ.-ն դատապարտվել է: