Ադրբեջանի ղեկավարությունը եռանախագահող երկրներին սադրիչ է անվանում այն պատճառով, որ նրանք առաջարկում են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ, այսօր ասել է պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ղարաբաղի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
«Իրականում այդ քննադատությունն ուղղված է ոչ միայն համանախագահներին, այլև առնվազն ԵԱՀԿ-ում ներկայում և նախկինում նախագահող երկրներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ընդհանրապես բոլոր երկրներին և կառույցներին, որոնք սատարել և սատարում են այդ առաջարկը», - Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, ասել է Նալբանդյանը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում ընդունել, որ Բաքուն է կանգնած հրադադարի խախտումների և իրավիճակի սրման հետևում։ «Նույնիսկ հպարտանում է դրանով։ Մի կողմ թողնենք, թե արդյոք Բաքուն իրապես կարծում է, որ այդտեղ հպարտանալու բան կա, թե դա ընդամենը ներքին սպառման քարոզչական հնարք է, մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։
Նա պնդում է, թե, ոչ ավել, ոչ պակաս, Ադրբեջանը տնտեսապես ամենակայուն, ամենաժողովրդավար, ամենահանդուրժողական, մարդու իրավունքների առումով ամենապաշտպանված երկիրն է աշխարհում, որը օրինակ կարող է հանդիսանալ այլ պետությունների համար, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներ հակառակն են ասում։ Ծուռ հայելիների թագավորություն է ստեղծված այդ երկրում, որի ղեկավարները, նայելով այդ հայելիների մեջ, հրճվում են իրենք իրենցով և կոչ անում այլոց՝ ապրել նման ծուռ հայելիների աշխարհում», - ասել է Նալբանդյանը։
Հայաստանի արտգործնախարարը Ստեփանակերտում հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին, արտգործնախարար Կարեն Միրզյանին, քննարկել Հայաստանի և Ղարաբաղի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։