Մատչելիության հղումներ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»․ Հայաստանի պետական բյուջեն մսխվում է


«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, արխիվ:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, արխիվ:

Ուսումնասիրելով Հայատանի պետական գնումների ոլորտը՝ հայաստանյան «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը եզրակացրել է, որ պետական պետական բյուջեն մսխվում է:

Հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ 2015 թվականին իրականացված գնումների ուսումնասիրությունը մի շարք կոռուպցիոն ռիսկեր է վերհանել․ - «Որակապես հստակ երևում է, որ մսխում կա: Սրանում որևէ կասկած չկա: Երբ այսպիսի գներով կարելի է այսպիսի սարքեր գնել, այն դեպքում, որ դրանց շուկայական գները շատ ավելի ցածր են, դա, իհարկե, շատ լուրջ խնդիր է»:

Կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը որպես օրինակ ներկայացրեց Ոստիկանության կողմից ալկոթեստերների գնման փաստաթղթերը․ մեկ այդպիսի սարքի ձեռքբերման համար պետական բյուջեից վճարվել է մեկ միլիոն դրամ․ - «Ես չգիտեմ, կարող ա էդ ակլոթեստերը ոսկո՞ւց ա․․․ Եթե ոսկուց ա, շատ հնարավոր է, որ ինքը արժենա մեկ միլիոնի կարգի․․․ Ռուսական արտադրության սարքերի գները տատանվում են 4000-8000 ռուբլու (60-115 ԱՄՆ դոլար) միջակայքում»:

Սա միակ օրինակը չէ: Հակակոռուպցիոն կենտրոնի կայքէջում արդեն հրապարակել է պետական ընկերությունների կողմից իրականացված կասկածելի գործարքների ցանկը, որոնց թիվը, Մանուկյանի ներկայացմամբ, անցնում է երեք տասնյակից․ - «Օրինակ, ԴԱՀԿ-ն [Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության] մեկ անձի հիմքով ավտոմեքենաների վերանորոգման պայմանագիր է կնքում «Քեթրին գրուպ» ՍՊԻ-ի հետ, և այլն, և այլն»:

Հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետները հիշատակեցին նաև Ֆինանսների նախարարության կողմից Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնը։ Այս շքեղ կենտրոնի կառուցման վրա, պետությունը արդեն ծախսել է ավելի քան 70 միլիոն դոլար։

Փորձագետները շեշտում են, որ ատկատների փոխարեն պաշտոնյաներն այժմ նոր մեխանիզմ են կիրառում՝ աջակցում են իրենց հետ սերտ կապեր ունեցող ընկերությունների ստեղծմանը, և պետության փողերով գնումներ իրականացնում հենց այդ ընկերություններից։ Ընդ որում, դրանցից շատերը բազմաֆունկցիոնալ ծառայություններ են մատուցում՝ սարքավորումների վաճառքից մինչև կանաչապատում։

Վարուժան Հոկտանյանը ստեղծված իրավիճակը վտանգավոր է համարում, կարծում է՝ սա կարող է նույնիսկ արտագաղթի լրացուցիչ խթան դառնալ․ - «Սա նշանակում է, որ կտրուկ կնվազի շուկայում մասնակիցների թիվը: Սա կբերի, բնականաբար, արտագաղթի, սա կբերի է՛լ ավելի աղքատացման: Այսինքն, երբ դու ունես մոնոպոլիա, կարող է ատկատները փոքրանան՝ ուղղակի միայն այն պատճառով, որ, բնական է՝ ինքը իրեն ատկատ չի տա: Եթե, օրինակ, նախարարը կամ փոխնախարարը ստեղծել է իր ընկերությունը, անուղղակի կերպով, ապա նա, բնականաբար, ատկատ չի տա»:

Մասնագետները մատնանշում են նաև մեկ անձից կատարվող գնումները․ դրանք, ըստ պետական այրերի, կատարվում են անհապաղ, ինչը չի ենթադրում մրցույթի հայտարարում: «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» կենտրոնի պնդմամբ, մինչդեռ, մեկ անձից կատարվող գնումները կազմում են ընդհանուր գնումների 70 տոկոսը՝ 2-3 անգամ գերազանցելով միջին միջազգային ցուցանիշը:

Արտակ Մանուկյանի պնդմամբ՝ պետական կառույցները գերադասում են մինչև վերջ ծախսել իրենց հատկացված գումարը․ - «Որովհետեւ հեշտ է, օրինակ, հորեղբոր որդու հետ պայմանագիր կքնել․․․ Մեկ անձը ոչ մրցակցյաին ձեռքբերում է, որտեղ կա կոռուպցիոն ռիսկ»:

«Սա բերում է երկարաժամկետ շատ լուրջ հետևանքների կոռուպցիայի տարածվածության տեսակետից և համակարգայնության տեսակետից», - հավելեց Վարուժան Հոկտանյանը:

Ֆինանսների նախարարությունից «Ազատության»-ը խոստացան ավելի ուշ արձագանքել հակակոռուպցիոն կենտրոնի գնահատականներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG